Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակմանը կարող էին մասնակցել 4 հոգի։ Ավելի վաղ, հաղորդվում էր, որ հարձակվողները երկուսն էին։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով The Guardian թերթին, ֆրանսիական ոստիկանության արհմիության պաշտոնական ներկայացո ւցիչ Ռոկկո Կոնտենտոն նշել է, որ ավտոմատներով զինված դիմակավորված երեք տղամարդ մտել են խմբագրություն և կրակ բացել լրագրողների և ոստիկանության թիկնապահների վրա, որից հետո նրանք փախել են իրենց սպասող մեքենայով, որտեղ գտնվել է նաև չորրորդ մեղսակիցը։

 

«Երգիծական ամսագրի խմբագրությունը գտնվում էր ոստիկանության պաշտպանության տակ և անվտանգության միջոցառումները ուժեղացվել էին վերջին շաբաթներին ամսագրին ուղղված սպառնալիքներից հետո»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ' ընդգծել է Կոնտենտոն։

 

Նախնական տվյալներով՝ Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 10 լրագրող, որոնց թվում ամսագրի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ահաբեկչական հարձակումը մասնագետները կապում են ամսագրում զետեղված սուր ծաղրանկարների հետ։

 

Charlie Hebdo-ի հերթական համարում թողարկվել էր «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի ծաղրանկարը, հաղորդում է Gazeta.ru-ն: