Փարիզի Charlie Hebdo թերթի խմբագրության վրա երեկ իրականացված ահաբեկչության համար կասկածվող երեք տղամարդկանց ինքնությունը հաստատվել է: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով Libération թերթին:
Բացի այդ, ըստ հրապարակման, ֆրանսիական իրավապահ մարմիններում տեղյակ են հանցագործների գտնվելու վայրի մասին:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը վերաբերում է եղբայրներ Սաիդ և Շերիֆ Քաշիներին, ինչպես նաև Համիդ Մուրադին:
Ֆրանսիայի ոստիկանությունն արդեն հրապարակել է երկու եղբայրների լուսանկարները՝ վկաներից կասկածյալների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Եղբայրներին ձերբակալելու օրդեր է տրվել: