Ամերիկահայ Ռոստոմ Սարգսյանն իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի 4-րդ թաղամասի քաղաքային խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Ընտրությունը տեղի կունենա մարտի 3-ին: Այս պաշտոնի համար պայքարում են 14 թեկնածու:

 

 

«Սա քաղաքականության այն տեսակն է, որը ես ցանկանում եմ շարունակել և ես այն չեմ կարող կատարել առանց հայ համայնքի աջակցության»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասբարեզ»-ը, ասել է Սարգսյանը:

 

 

Նա մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի համալսարանին կից Քենեդու դպրոցում: Երկու անգամ արժանացել է Ռիխտերի կրթաթոշակի Հայաստանում միջազգային հետազոտությունների իրականացման համար: Սարգսյանի դիպլոմային աշխատանքը նվիրված է Ջավախքին:

 

 

Վերջին 20 տարում Սարգսյանը համագործակցել է բազմաթիվ կազմակերպությունների և Լոս Անջելեսի հայ համայնքի հետ՝ լուրջ աշխատանք կատարելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

 

 

Սարգսյանը փոքր բիզնես ունի և վերջին 6 տարվա ընթացքում աշխատել է տեղի հասարակական կազմակերպությունների հետ՝ աջակցելով դրամաշնորհներ շահելու հարցում և մարքեթինգային խորհրդատվություն տվել փոքր բիզնեսի սեփականատերերին: Նա մասնակցել է նաև Բարաք Օբամայի և Ջոն Քերիի համար ընթացող ընտրարշավերին Օրեգոնում, Կոլորադոյում և Ֆլորիդայում: