Իրանը խստիվ դատապարտել Է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրապարակումը:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը դա գնահատել Է որպես հերթական սադրանք:

 

«Մենք դատապարտում ենք ֆրանսիական շաբաթաթերթի սադրիչ քայլը, քանի որ այն հարվածում Է մուսուլմանների զգացմունքներին,-հայտարարել Է Աֆհամը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում: Արեւմուտքում չարաշահում են խոսքի ազատությունը, ինչն անթույլատրելի Է»:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Փարիզի Charlie Hebdo երգիծական հանդեսի նոր համարը հունվարի 14-ին հայտնվել Է ամբողջ Ֆրանսիայի թերթի կրպակների վաճառասեղաններին: Դա հրատարակության առաջին թողարկումն Է հունվարի 7-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, երբ թերթի խմբագրության շենքում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով սպանվեց 12 մարդ: Հունվարի 14-ի 1178-րդ թողարկման շապիկին Charlie Hebdo-ի ստեղծագործական կոլեկտիվը որոշել Է զետեղել Մուհամեդ մարգարեի հեթական ծաղրանկարը: Նկարում կանաչ ֆոնի վրա պատկերված Է մորուքավոր մարդ, որը ներկայացնում Է իսլամի հիմնադրին:

 

Ծաղրանկարի հերոսը տխուր դեմք ունի, նրա այտով արցունք Է գլորվում: Նա ձեռքին բռնել Է ցուցանակ՝ «Ես Շառլին եմ» (Je suis Charlie) կարգախոսով, որը վերջին օրերին համաշխարհային հռչակ Է ձեռք բերել: Շապիկը պսակում Է «Ամեն ինչ ներված Է» վերտառությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: