Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի իմամ Աբդելալի Մամունն ուսումնասիրել է «Շառլի հեբդո» երգիծական հանդեսի վերջին համարը եւ առաջին էջում պատկերված Մումահեդ մարգարեի ծաղրանկարում ոչ մի սարսափելի բան չի տեսել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական «Էրոպ-1» ռադիոկայանին տված հարցազրույցում իմամն ասել է. «Այդ բոլորի մեջ ես վիրավորական ոչինչ չեմ տեսնում»:
Նրա խոսքով' նկարը ծաղրում է ոչ թե իսլամը, այլ ծայրահեղականությունը, եւ այդ պատճառով դրան պետք է հանգիստ վերաբերվել:
Մուհամեդ մարգարեին պատկերելու փաստը եւս նրան չի հուզում. «Տվյալ դեպքում նկարն արվել է մուսուլման չհանդիսացող մարդկանց կողմից: Նրանք ունեն դա անելու իրավունքը», -պարզաբանել է նա: Իմամը հավելել է, որ անձամբ իրեն' որպես մահմեդականի, նման նկարները դուր չեն գալիս, սակայն, դա չի նշանակում, որ ոչ ոք չպետք է դրանք հրատարակի:
Չորեքշաբթի «Շառլի Հեբդո» հանդեսը հրատարակվել է աննախադեպ 3 մլն տպաքանակով, որից 300 հազարը պետք է վաճառվի Ֆրանսիայի սահմաններից դուրս:
Նոր համարի շապիկին պատկերված է Մուհամեդ մարգարեն, որի այտով արցունք է գլորվում: Ձեռքում նա բռնել է «Je suis Charlie» («Ես Շառլին եմ») գրությամբ արտահայտություն, որը դարձել է հանդեսի խմբագրատան վրա ահաբեկչական գործողության արդյունքում տուժածների պաշտպանության լոզունգ: Նկարի տակ սեւ գույնով գրված է' «Ամեն ինչ ներված է»:
Մի շարք երկրների, այդ թվում' Իրանի եւ Թուրքիայի իշխանությունները դատապարտել են հրապարակումը:
Հունվարի 7-ին Փարիզի կենտրոնում գնդակոծվել է «Շառլի հեբդո» շաբաթական երգիծական հանդեսի խմբագրատունը: Ահաբեկչական գործողության արդյունքում 12 մարդ են զոհվել, նրանցից 8-ը' լրագրողներ: Եւս 11 մարդ վիրավորվել են: Ահաբեկիչները' Կուաշի եղբայրները սպանվել են հունվարի 9-ին: