Մալիի իշխանությունները ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ հայտարարել են, որ Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպքերի 42-օրյա շրջանի ավարտվելուց հետո երկիրը պաշտոնապես ճանաչվել է այդ տենդից ազատ տարածք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ես այս օրը հայտարարում եմ Մալիում Էբոլա վիրուսի համաճարակի ավարտը»,- հայտարարել է Մալիի առողջապահության նախարար Ուսման Կոունը:

 

Ինչպես նշել է Agence France-Presse-ը, ՄԱԿ-ի՝ Էբոլայի տարածմանը շտապ հակազդման առաքելության ներկայացուցիչը հավաստել է, որ երկիրը հաջողությամբ «հաղթահարել է» համաճարակը:

 

ՌԻԱ Նովոստին հաղորդել է, որ Մալիում Էբոլա վիրուսից մահացել է առնվազն յոթ մարդ: Առաջին մահացու դեպքն այստեղ գրանցվել էր 2014 թվականի հոկտեմբերին, երբ տենդից մահացավ երկամյա մի աղջիկ:

 

Տենդով վարակված վերջին հիվանդը բուժընթաց է անցել եւ հիվանդանոցից դուրս է գրվել տակավին դեկտեմբերին:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, Էբոլա տենդի վիրուսից մահացածների թիվը կազմել է 8 հազար 468: