Իսրայելի ագրեսիայի դրսևորումը Կունեյտրայի վրա բացառություն կամ անսպասելի արարք չէր, այն Իսրայելի իշխանությունների օկուպացիոն հանցագործությունների շարունակությունն է և իրականացվել է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու շրջանակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին «Ալ Մանար» հեռուստատեսությամբ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին: Նրա խոսքով' Իսրայելի արարքը նշանակում է անմիջական աջակցություն ահաբեկչական կազմակերպություններին և հատկապես «Ջաբհա ան Նուսրա»-ին:
Նրան զարմացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի մասնակցությունը Փարիզում հակաահաբեկչական երթին, քանի որ նրա կառավարությունը պարբերաբար հարձակումներ է իրականցում Գազայի, Լիբանանի և Սիրիայի վրա:
Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, իսրայելական ուղղաթիռը ռմբակոծել էր Գոլանի բարձունքների Կունեյտրա մարզի բնակելի Մազրաաթ ալ Ամալ շրջանը: Բնակավայրի ուղղությամբ արձակվել են 2 հրթիռ:
Կունեյտրայի մարզում նախորդ տարվանից շարունակվում են բախումները կառավարական ուժերի և զինված ընդդիմադիր խմբավորումների միջև: Զինյալները զգալի տարածքներ են գրավել մարզում և սպառնում են Դամասկոսի հարավային հատվածներին:
Կունեյտրան գտնվում է Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա: