Թուրքիայի Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (DSIP) խստորեն դատապարտել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության հետ առերեսման աշխատանքների շրջանակում «Հարյուրամյա առերեսում» արշավի կողմից կազմակերպված համաժողովին ուղղված ռասիստական հարձակումը: Ինչպես հաղորդում է թուրքական marksist.org լրատվական կայքը, կուսակցությունն այդ մասին հայտարարել է իր կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում:

 

DSIP կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պատրաստության շրջանակում «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» (DurDe) կազմակերպության կողմից «Հարյուրամյա առերեսում» արշավի' Ստամբուլում կազմակերպած «Ինչու պետք է պետությունները ներողություն խնդրեն» գիտաժողովի վրա «Աշխատավորական կուսակցության» երիտասարդ ազգայնականների հարձակումը: 1915 թ-ին 1,5 մլն հայերի ջարդի վրա հիմնված Թուրքիայի Հանրապետության պահակությունը ստանձնած ռասիստները փորձել են &la quo;Ցեղասպանությունը սուտ է, Ամերիկյան ծրագիր է» վանկարկումներով խոչընդոտել գիտաժողովի անցկացմանը: Գիտաժողովի մասնակիցները ռասիստներին հակադարձել են «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» բացականչություններով: Սեփական ապօրինությունները քողարկելու համար կառավարությունը աջակցում է ռասիստական ավազակախմբերին: 100 տարվա հասնող ժխտողականությունը աշխատում են կենդանի պահել մի բուռ ռասիստների ահաբեկչություններով:

 

Ցեղասպանության ժխտումը կենսունակ պահելու համար ուս ուսի տված վարչապետ Էրդողանն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, Ազգայնական կուսակցության առաջնորդ Բահչելին եւ գաղափարակից ֆաշիստները, «Աշխատավորական կուսակցության» առաջնորդ Փերինչեքի նացիոնալ-սոցիալիստները եւ նրանց հետ ցեղասպան Թալեաթի անվան տակ կոմիտե ստեղծած Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը չեն կարող խոչընդոտել Թուրքիայի աշխատավոր դասին եւ հալածվածներին առերեսվել 1915 թ-ի հետ: Մենք հաշիվ ենք պահանջելու ազգայնականների կողմիÖ սպանված Հրանտ Դինքի համար: Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեմ են ռասիզմին, գտնում են, որ անհրաժեշտ է առերեսվել այս հողերում մարդկության դեմ կատարված հանցագործություններին, դատապարտել այդ ռասիստական ավազակախմբին եւ աջակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստություններին»: Չնայած տեղի ունեցած միջադեպին' գիտաժողովը շարունակել է աշխատանքը: