Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ' ԱՄՆ-ում գործող ամերիկա-թուրքական կազմակերպությունների վեհաժողովը (ATAA) 1915 թվականի Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ հայկական Սփյուռքի աշխատանքների դեմ լայնամասշտաբ արշավի է պատրաստվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը:
Ժխտման արշավը, որն անվանվել է «2015 Master Plan», ներառում է ամերիկյան համալսարաններում այս տարվա ընթացքում 20 տարբեր գիտաժողովների անցկացում, ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին ուղղված «կրթական» ծրագրեր, 1915-ի հարցում ժխտման քաղաքականությունը լուսաբանող գործունեություն: ATAA-ի այդ ծրագիրը աջակցվում է Թուրքիայի կառավարության եւ ԱԳՆ կողմից:
Ծրագրի շրջանակում 1979 թվականին ստեղծված ATAA-ն մտադիր է Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր արշավում օգտագործել ամերիկացի վարձու «գիտնականների»' Ջասթին ՄկՔարթնիին, Բեռնար Լեւիսին, Էդվարդ Էրիքսոնին, Հյաթ Լովրիին, Գունթեր Լեւիին, Ջերեմի Սալթին, Նորման Սթոնին եւ այլոց:
ATAA-ն իր այդ գործունեության մեջ մտադիր է ընդգրկել եւ համագործակցել ադրբեջանական, թուրքմենական, ղրղզական, ղազախական, ուզբեկական, քարաչայական, հակասիական, տուվայական համայնքների, ինչպես նաեւ Սոմալիի, Մակեդոնիայի, Բոսնիայի, Սիրիայի, Ալբանիայի մահմեդական եւ հրեական համայնքների հետ:
Այնպես որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի' «Տեղահանությունը չենք ընդունում եւ մարդկային չենք համարում» եւ վարչապետ Թայիփ Էրդողանի' հայերին ուղղված ապրիլքսանչորսյան «ցավակցությունը» միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուց բացի, այլ բան չեն: