Ֆրանսիայի մայրաքաղաքից 14 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Վիրոֆլ շրջանի փողոցներից մեկն անվանակոչվել է պոլսահայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ Զապել Եսայանի անունով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը' հղում անելով Ֆրանսիայի հայկական «Նոր Յառաջ» պարբերականին:
Արարողությանը ներկա են եղել Շավիլի հոգևոր հովիվ տեր Գուրգեն վարդապետ Աղաբաբյանը, հայ նախկին ռազմիկների միության նախագահ Անտուան Պաղտիկյանը, ինչպես նաև հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ: Շուրջ հարյուր հոգուց բաղկացած բազմության առաջ հանդես է եկել Վիրոֆլի քաղաքապետ Օլիվիե Լիպրենը: Հակիրճ գովեստի խոսք ասելով Եսայանի մասին' նա պատմել է, թե իրենք պատահաբար են տեղեկացել , որ պոլսահայ գրողը 1923-1929 թվականներին ապրել է հենց այն փողոցին հարակից տարածքում, որն էլ անվանակոչվել է իր անունով: Նշելով, որ Ֆրանսիայում կնոջ անո ւն կրող փողոցները ընդհանուրի մեջ հազիվ վեց տոկոս են կազմում' Լիպրենը կարևոր է համարել այս երևույթը:
Անվանակոչության արարողությունից հետո ներկաները հրավիրվել են քաղաքապետարան' ունկնդրելու Զապել Եսայանին նվիրված դասախոսություն:
Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Պոլսի Սկյութար թաղամասում: Ավարտել է տեղի Սուրբ Խաչ վարժարանը, 1895 թվականից Փարիզում հաճախել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայության դասընթացներին: 1909 թվականին Ադանայի կոտորածների ժամանակ ստեղծված պատվիրակության կազմում մեկնել է այնտեղ, ինչից հետո կիլիկիահայերի ողբերգությունը պատկերել է «Ավերակներու մեջ» գրքում, « Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում: 1915 թվականին խուսափելով ձերբակալությունից և աքսորից' նա ապաստանել է Թիֆլիսում, այնուհետև մեկնել Ֆրանսիա: 1926 թվականին Եսայանը գալիս է Հայաստան և ստացած տպավորություններով գրում «Պրոմեթեոս ազատագրված» գիրքը: 1933 թվականից հաստատվում է Խորհրդային Հայաստանում' դասավանդելով ֆրանսիական գրականություն: 1936 թվականի աքսորվում է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին անհայտ հանգամանքներում մահանում է: