Սիրիայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար 2015 թվականին կպահանջվի 2,9 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Կյունգ վա Կանգը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ անցյալ տարի միջազգային դոնորների ց ստացված միջոցների պակասը հանգեցրել է այն բանին, որ հարյուր հազարավոր սիրիացիներ ձմռանը մնացել են առանց անհրաժեշտ պաշարների:
«Հումանիտար գործակալություններին շտապ կարգով միջոցներ են անհրաժեշտ Սիրիայում աշխատանքը շարունակելու համար: Սիրիայի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար այս տարի կպահանջվի 2,9 մլրդ դոլար: Անցյալ տարի մենք ստացել ենք պահանջված գումարի միայն 48 տոկոսը:
Միջոցների անբավարարությունը նշանակում է, որ օգնության կարիք ունեցող 3,3 մլն մարդկանցից հարյուր հազարավորները չեն ստանա այն»,- ասել է Կյունգ վա Կանգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: