National Interest պարբերականը «Հայաստանի մշուշոտ ընտրություններ» վերնագիրը կրող հոդվածում անդրադարձ է կատարել Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններին:
2013-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ Հարավային Կովկասի 3 պետությունում, որոնցից առաջինը՝ փետրվարի 18-ին Հայաստանում:
«Առաջիկա ընտրությունները հիմնականում խորհրդանշական են լինելու: Անկախ անցկացման ձևից՝ այս ընտրություններն անխուսափելիորեն կհամեմատվեն 2008-ի ընտրությունների հետ: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանն արդեն 2-րդ շրջանը պաշտոնավորել էր, և Սահմանադրությունն արգելում էր հաջորդաբար 2-րդ ժամկետ ունենալ: Իշխանության անցումը Քոչարյանից Սերժ Սարգսյանին ուղեկցվեց բախումներով իշխանության մարմինների և ընդդիմադիր ուժերի միջև, որի ընթացքում 10 մարդ զոհվեց, այդ թվում՝ 8 քաղաքացի: Այսպես, Հայաստանի քաղաքական դասը պետք է դասեր քաղեր այդ ընտրություններից, և այսպիսի բախումներ այլևս պետք է տեղի չունենան: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական համակարգը ցուցադրեց բախումներից և բաց թշնամանքից խուսափելու կարողություն, որը պետք է ամրապնդվի նախագահական ընտրությունների ժամանակ»,-գրում է պարբերականը:
«Սերժ Սարգսյանն իր նախագահության ժամանակ ապացուցել է, որ ինքն ինքնուրույն քաղաքական գործիչ է և դուրս է եկել իր նախորդ նախագահների ստվերից:
Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ կարողացել է խուսափել լուրջ սխալներից: Հայ-թուրքական հարաբերություններում, չնայած խիստ քննադատությանը, փորձել է կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն, այնուամենայնիվ, հաջողվել է նաև չհատել կարմիր գիծը: Նա կարողացել է նաև Հայաստանի արտաքին հարաբերությունները պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Սարգսյանը հավատարիմ է խաղաղության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Սերժ Սարգսյանի նախագահման տարիներին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի՝ ռուսական ռազմական կայանի ներկայությունը Գյումրիում հետաձգվեց մինչ 2014 թվականը: Միաժամանակ, Հայաստանը միտում է ցուցաբերել ինտեգրվելու Եվրասիական դաշիքնին»:
Թերթի գնահատականով՝ Սարգսյանը նաև իր արդյունավետությունն է ցույց տվել ներքին հարցերում: «Նա իր նախորդի նման իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար որդեգրել է ընդդիմադիր գործիչներին ճնշելու քաղաքականություն: Խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր արդյունքը եղել է «Հայ ազգային կոնգրեսի»'՝ խորհրդարանում տեղեր ձեռք բերելը: Ընդդիմությունը, սակայն, չի կարողացել որևէ կենսունակ նոր քաղաքական առաջնորդ կամ քաղաքական նոր գաղափարներ առաջ բերել: Մյուս կողմից՝ ընդդիմադիր գործիչները չեն կարողացել ընդհանուր եզր գտնել իրար հետ, որը հեշտացնում է ղեկավար նախագահական դասի աշխատանքը: Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանը՝ երկրի առաջին հետխորհրդային նախագահը, հրաժարվել է մասնակցել այս տարվա ընտրություններին:
Նախագահական ընտորությունների ժամանակ խոշոր ընդդիմադիր գործիչ կարող էր լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն 2012 թվականի դեկտեմբերին Ծառուկյանը հայտարարեց, որ իր թեկնածությունը չի դնի, ինչպես նաև հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ չի աջակցի ոչ մի քաղաքական կուսակցության: Սա նշանակում է, որ ընտրությունների ժամանակ աջակցելու է Սերժ Սարգսյանի ղեկավար կուսակցությանը:
Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ Հայաստանը տարածաշրջանային մեծ ուժ չէ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կշարունակի ահռելի ազդեցություն ունենալ ներքին և արտաքին քաղաքականության վրա: Սակայն ակնհայտ է, որ առանց ներդաշնակ ներքին քաղաքականության՝ Հայաստանի համար շատ ավելի բարդ կլինի արտաքին քաղաքականություն վարել: