Եվրամիությունը հավանություն է տալիս Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների՝ Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությանը, որոնք պատրաստվում են բանակցություններ վարել Կիևում և Մոսկվայում՝ ուկրաինական ճգնաժամի լուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Եվրամիությունը հավանություն է տալիս այն բոլոր նախաձեռնություններին, որոնք նպատակամղված են Ուկրանիայի արևելքում շարունակվող հակամարտության քաղաքական լուծմանը, կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանսուա Օլանդի ջանքերին ու այցերին Կիև և Մոսկվա»,- նշել է Մոգերինին:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել է, որ դաշինքը ողջունում է Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների այցը Կիև և Մոսկվա և հավանություն է տալիս դրան:
«ՆԱՏՕ-ն լիովին հավանություն է տալիս խաղաղ լուծման հասնելու բոլոր ջանքերին, ուստի մենք ողջունում ենք երկու դաշնակիցների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ստանձնած նախաձեռնությունը: Ես ուրախ եմ, որ նրանք կանցկացնեն հանդիպումներ, և մենք հավանություն ենք տալիս դրանց»,- լրագրողներին ասել է Ստոլտենբերգը: