Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 5-ին հաղորդել է գերատեսչության պաշտոնական կայքի վրա ձեռնարկված կիբեռգրոհի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Սույն միջադեպի առնչությամբ արտաքին քաղաքական գերատեսչությունը որոշում է կայացրել գործի դնել նախարարության նոր վեբ-Էջ, որի վրա աշխատանքն այս փուլում մասամբ ավարտված է:

 

«Մենք օգտատիրոջից ներողություն ենք խնդրում կայքում ոչ լրիվ տեղեկատվության համար և հաղորդում ենք, որ կայքի լրատվական կոնտենտը կլրացվի մոտ ապագայում: Վեբ-Էջի նոր տարբերակը՝ www.mfa.gov.ge հասցեով, մատչելի կլինի օրվա ընթացքում»,- ասված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

 

Նախարարության տվյալներով՝ ներկայում ընդհատումներով են աշխատում նաև արտասահմանում Վրաստանի ներկայացուցչությունների վեբ-էջերը:

 

Ավելի վաղ կիբեռգրոհների են ենթարկվել Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի աշխատակազմի, գյուղատնտեսության նախարարության, երկու տարածաշրջանների նահանգապետների վարչակազմերի, ինչպես նաև մի շարք լրատվական գործակալությունների կայքերը: