Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները փակուղի են տանում, անհրաժեշտ Է գնալ բանակցությունների ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, որը փետրվարի 9-ին Աթենքում բանակցություններ Է անցկացրել Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Վեռներ Ֆայմանի հետ: Հունաստանի հեռուստատեսությունը ուղիղ եթերում ներկայացրել Է երկու քաղաքական գործիչների հայտարարությունները:

 

 

«Մենք համաձայնեցինք, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քառակողմ բանակցությունները, որոնք փետրվարի 11-ին տեղի են ունենալու Մինսկում, կարեւոր հնարավորություն են տարածաշրջանում կրակի դադարեցման եւ խաղաղության հաստատման համար: Դրանք չեն կարող եւ չպետք Է վերջին հնարավորությունը լինեն»,-ասել Է Հունաստանի վարչապետը:

 

 

Նա ընդգծել Է, որ «հաճախ բանակցությունների դժվարին ուղին ավելի նախընտրելի Է, քան դյուրին, բայց փակուղի տանող պատժամիջոցների ուղին»: «Մենք համաձայնեցինք, որ Եվրամիությունը ՈՒկրաինայում խաղաղության հասնելու համար պետք Է օգտագործի բոլոր հնարավորությունները»,-ասել Է Ցիպրասը:

 

 

Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացումը ի շահ եվրոպական տնտեսության կայունության:

 

 

Նա նշել Է, որ Ռուսաստանը պետք Է համագործակցի միջազգային հանրակցության հետ, եթե նա պատժամիջոցների մեղմացում Է ցանկանում: «Մենք կնախընտրեինք մեղմացնել այդ պատժամիջոցները: Այդ քայլը լավագույնն Է, ինչ կարող Է արվել Եվրոպայի տնտեսության ու կայունության համար: Բայց այն Ռուսաստանից կպահանջի կատարել իր պարտավորությունները եւ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը»,-ասել Է ԱՄՆ-ի ֆինանսական գերատեսչության ղեկավարը:

 

 

ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները փետրվարի 9-ին հաստատել են «սեւ ցուցակի» ընդլայնումը Ռուսաստանի քաղաքացիների եւ Դոնբասի աշխարհազորայինների համար՝ դրա ուժի մեջ մտնելը հետաձգելով փետրվարի 16-ին: Ինչպես հաղորդել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը, դա արվել Է, որպեսզի «լիակատար աջակցություն» ապահովվի Մինսկի հանդիպմանը:

 

 

Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը պարզաբանել Է, որ այդ լրացուցիչ պատժամիջոցները գործի կդրվեն՝ կախված Մինսկում կայանալիք բանակցությունների արդյունքներից: «Սահմանափակիչ միջոցները համաձայնեցված են, մենք հաստատեցինք Մարիուպոլի վրա հարձակման համար պատժամիջոցների սահմանման սկզբունքը»,-ընդգծել Է նա, հավելելով, որ դրանց ուժի մեջ մտնելը «կախված կլինի տեղում իրադրությունից եւ Մինսկի բանակցությունների արդյունքներից»: