Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հացազրույցում հայտարարել է, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված ողբերգությունը Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր ցավն է, եւ նման գազանությունը չունի արդարացում, չունի ազգային եւ պետական պատկանելություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ինտերֆաքս»- ը, Վոլինկինը նշել է, որ դժվարանում է անհրաժեշտ բառեր գտնել կատարվածի մասին:

 

 

«Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները ցնցվել էին, երբ իմացան կատարվածի մասին: Այն դարձավ համընդհանուր ցավ, ողբերգություն ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ես հասկանում եւ ընդունում եմ կատարվածի առնչությամբ հասարակության զգացմունքային արձագանքը: Կցանկանայի եւս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել անմեղ զոհերի հարազատներին, գյումրեցիներին, ողջ հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը:

 

 

Նա շեշտել է, որ հայկական եւ ռուսական պատասխանատու մարմինները համատեղ իրականացնում են գործի քննություն: «Այն պետք է լինի օբյեկտիվ եւ համապարփակ: Ես համոզված եմ, որ հանցագործը կկրի պատիժ օրենքի ողջ խստությամբ: Հայ-ռուսական բարեկամության դարավոր պատմության մեջ եղել են բարդ էջեր, բայց մենք միշտ կարողացել ենք հաղթահարել դժվարությունները համատեղ ջանքերով' աջակցելով միմյանց: Հավատում եմ, որ այդպես կլինի նաեւ հիմա»,- ընդգծել է Իվան Վոլինկինը: