FEMEN շարժման երեք կիսամերկ ակտիվիստուհիներ գրոհել են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի ավտոմեքենայի վրա, որը փետրվարի 10-ի առավոտյան ժամանել էր Լիլի ուղղիչ դատարան՝ կավատության գործով ցուցմունքներ տալու համար, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Միայն ջինս և կոշիկներ հագած աղջիկները, որոնց կրծքներին գրված էին Ստրոս Կանին մեղավոր ճանաչելու կոչեր, ճիչերով և վիրավորանքներով նետվել են դեպի ավտոմոբիլը, որով ժամանել էր նա: Միջադեպը տեղի է ունեցել դատարանից ոչ հեռու, որտեղ ԱՄՀ-ի նախկին ղեկավարին սպասում էին տասնյակ լրագրողներ: Ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքի մոտ ոստիկանության աշխատակիցները քարշ տալով հեռացրել են ակտիվիստուհիներին՝ գետին տապալելով նրանց:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ստրոս Կանի ու ևս 13 մարդու գործով դատավարությունը երկրորդ շաբաթն է, ինչ շարունակվում է Լիլում: Կավատության գործով հետաքննությունն ընթանում է ավելի քան երեք տարի: Հետաքննությունը կարծում է, որ ֆիգուրանտները, այդ թվում՝ Ստրոս Կանը, մարմնավաճառուհիների հետ երեկույթներ են կազմակերպել Ֆրանսիայում և արտասահմանում կամ էլ մասնակցել են այդ երեկույթներին:
Հետաքննության տվյալներով՝ գործում կան այն բանի ծանրակշիռ ապացույցներ, որ Ստրոս Կանն առաջատար դեր է խաղացել երեկույթների կազմակերպման գործում և հիանալի իրազեկված է եղել, որ դրանց մասնակցող կանայք մարմնավաճառուհիներ են և փող են ստանում:
Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ գործի ֆիգուրանտներին սպառնում է մինչև տասը տարվա բանտարկություն և 1,5 միլիոն եվրոյի չափով տուգանք: