ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվային նախազգուշացրել է Ուկրաինայի նկատմամբ «ագրեսիվ գործողությունների» շարունակումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տունը:
Նախագահն ընդգծել է խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու եւ դրանք իրագործելու կարեւորությունը, որոնք հիմնված են Մինսկի համաձայնագրում ամրագրված պարտավորությունների վրա:
«Միեւնույն ժամանակ, եթե Ռուսաստանը շարունակի իր ագրեսիվ գործողություններն Ուկրաինայում, այդ թվում՝ զորքերի, զենքի ուղարկման եւ ֆինանսավորման ճանապարհով անջատականներին աջակցելու համար, գինը, որ նա վճարելու է, կբարձրացվի»,- ասված է ամերիկյան վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:
Օբաման վերստին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա նշել է մարտական գործողությունների հետեւանքով մարդկային զոհերի թվի աճը:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ Պուտինը խաղաղ կարգավորման հասնելու համար օգտվի հնարավորությունից, որն ստեղծվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքում:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրով շփման խմբի մասնակիցները փետրվարի 10-ին Մինսկի հանդիպմանը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի եւ դրա կատարման նկատմամբ հսկողության շուրջ, ինչպես նաեւ համաձայնեցրել են ծանր սպառազինության հետքաշման սխեման: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Դոնբասի պետական կառուցվածքը եւ տեղական ընտրությունների անցկացումը:
Սպասվում է, որ փետրվարի 11-ին Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Դոնբասի մարտական գործողությունների շրջանում ապառազմականացված գոտու ստեղծումը: