ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ոչ վաղ անցյալում իր ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կարծիքների բաց փոխանակություն է եղել մամուլի ազատության մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

 

 

Օբաման ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահն իր երկրում ամբողջովին վերահսկում է ԶԼՄ-ները. «Որոշ ժամանակ առաջ ես Ուկրաինայի ու Սիրիայի վերաբերյալ հանգամանալից զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ: Նա ընթերցեց Atlantic պարբերականում իմ արտաքին քաղաքական դոկտրինի մասին Ջեֆ Գոլդբերգի հոդվածը և ասաց. «Ես համաձայն չեմ մի շարք իրերի հետ, որոնց մասին դուք հիշատակել եք այնտեղ»:

 

 

ԱՄՆ նախագահը նշել է, որ թեև իր մեջբերումները հոդվածում ճիշտ են ներկայացված, հրապարակման որոշ պահեր «հնարավոր է, ոչ ամբողջությամբ են արտացոլել իմ նկատառումները կոնկրետ թեմայով, որը բարձրացրել է նախագահ Պուտինը»:

 

 

«Ես նրան ասացի, որ բնականաբար ի տարբերություն քեզ՝ Վլադիմի՛ր, ես չեմ խմբագրում հոդվածները նախքան դրանց հրապարակվելը»,- ասել է Օբաման:

 

 

Օբամայի հարցազրույցի զգալի մասը հրապարակվել էր մարտի կեսին: ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցուցաբերել է թուլություն, երբ ներխուժել է Ուկրաինա ու իր զինվորականներին ուղարկել է Սիրիա. «Իրական ուժը նշանակում է, որ դուք կարող եք ստանալ այն, ինչ ձեզ հարկավոր է՝ առանց բռնության դիմելու»: