Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում սպառնացել է նոր պատժամիջոցներով՝ Դոնբասում ագրեսիվ գործողությունների շարունակման դեպքում:

 

«Նախագահ Օբաման այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում բռնության սրումն ու Ռուսաստանի կողմից անջատողականների մշտական աջակցությունը»,- նշել են Սպիտակ տանը:

 

Հաղորդագրությունում ասվում է, որ Օբաման ընդգծել է խաղաղ կարգավորման հասնելու կարևորությունը, որը հիմնվում է Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների վրա:

 

Օբաման կրկին հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին:

 

«Նախագահ Օբաման ընդգծել է մարդկային կորուստների թվաքանակի աճը մարտական գործողությունների հետևանքով և շեշտել Պուտինի համար կարևորությունը՝ օգտվելու հնարավորությունից, որն ընձեռվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի միջև ընթացիկ բանակցություններից՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: