Անվանի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը հանրությանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նոր պատկերագիրք-ուսումնասիրությունը: Գիրքը հայկական մշակութային պահանջատիրության հիմնական վկայականներից մեկը պետք է լինի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ «Ես Հայոց պատմություն չեմ իմացել: Երեխա ժամանակ դպրոցում լավ չեմ սովորել, և հիմա ժամանակն է տարիների ընթացքում սովորածս փոխանցել նախ իմ աղջիկներին, ապա հայությանն առհասարակ»,- կեսկատակ, կեսլուրջ ասաց լուսանկարիչըˋ ընդգծելով, որ նպատակն է Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնել ոչ թե որպես ողբերգություն, այլ ցույց տալ հայ ժողովրդի հարուստ մշակույթը և ժառանգությունը:

 

«100(1915-2015)» վերտառությամբ, 3.5 կգ ծանրությամբ հաստափոր պատկերագիրքը ներառում է Հրայր Խաչերյանի 17 տարվա աշխատանքներըˋ ընդգրկելով Արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի, աշխարհի տարբեր երկրներիˋ ԱՄՆ-ի, Լիբանանի, Իտալիայի, Ավստրիայի թանգարաններում պահվող' ցեղասպանությունից փրկված բացառիկ նմուշների լուսանկարներ: Այն տպագրվել է 2500 տպաքանակով և բաղկացած է 516 էջից: Ինչպես նշեց Խաչերյանը ներկայացված է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը Նոյյան ժամանակներից մինչ մեր օրերըˋ հայկական արքաների դրամները, թագավորներին պատկերող ձեռագրեր, գահին բազմած Լևոն Երկրորդի մանրանկարը, որ պահվում է Վենետիկի վանքում, Կիլիկյան Հայաստանի բերդերը և այլն:

 

Առաջին շփումը եղել է Արևմտյան Հայաստանի հետ, երբ 1992 թվականին գալով Հայաստանˋ նկարել է Արարատ լեռը: «1988 թվականին Մոնրեալում սովետական հյուպատոսության առաջ ցույց տեղի ունեցավ, որտեղ հավաքված հայերը գոռում էին. «Ղարաբաղը մերն է»: Այն ժամանակ հարցնում էիˋ ի՞նչ է Ղարաբաղը, բայց ոչ ոք պատասխան չկարողացավ տալ: 1992-ին այցելեցի Արցախ իմ աչքերով տեսնելուˋ ինչ է այն»,-ասաց հայտնի լուսանկարիչըˋ նշելով, որ այդտեղից էլ սկսել է իր մասնագիտական «ճանապարհորդությունը», որի ընթացքում 15 գիրք է լույս ընծայել:

 

Ինչպես նշեց Մատենադարանի ձեռագրատան գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, եռալեզու պատկերագիրքը մեծապես նպաստելու է հայ հոգևոր ու նյութական ժառանգության հանրահռչակմանը: «Սա հայկական հարուստ մշակութային ժառանգության վերարտադրությունն է: Այն ժառանգության, որը, թեև այս պահին կորսված է, սակայն հավիտենապես կորսված չի կարելի համարել: Տարվա խորհրդի կարևորագույն հրատարակություններից մեկն է, որտեղ մեր մշակութային ժառանգությանը տեր կանգնելու պահանջատիրությունն է ներկայացվ ում»,- ասա Տեր-Վարդանյանը:

 

Պատկերագրքի օրինակներն ուղարկվելու են Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ և այլ երկրներ: Մի մեծ խմբաքանակ նվիրվելու է այդ երկրների համալսարաններին և խորհրդարաններին: