Փետրվարի 16-ին Դոնբասում սկսվում է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հերթական փուլը, որը նախատեսում է սպառազինությունների ծանր տեսակների հետքաշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու շաբաթվա ընթացքում հակամարտության շրջանում պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Այդ նպատակով միմյանցից առնվազն 50 կիլոմետր հեռավորության վրա պետք է հետ քաշվեն 100 միլիմետր տրամաչափով հրետանային համակարգերը, 70 կիլոմետր հեռավորության վրա՝ համազարկային կրակի հրթիռային համակարգերը եւ 140 կիլոմետր հեռավորության վրա՝ «Տոռնադո-Ս», «Ուրագան», «Սմերչ» համակարգերը, ինչպես նաեւ «Տոչկա» տակտիկական հրթիռային համակարգերը: Ընդսմին կողմերը պայմանավորվել են, որ ուկրաինացի ուժայինները ծանր սպառազինությունները հետ կքաշեն շ փման փաստական գծից, իսկ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների զինված կազմավորումները՝ շփման այն գծից, որը արձանագրվել է Մինսկի անցյալ տարվա սեպտեմբերի 19-ի հուշագրով:
Լույս փետրվարի 15-ի գիշերը կողմերը, ինչպես որ պայմանավորվել Էին, հայտարարել են հրադադարի մասին: ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում, ինչպես նաեւ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդում օրվա ընթացքում հաստատել են ծանր տեխնիկայի հետքաշմանը ձեռնամուխ լինելու մտադրությունը՝ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ դա կանեն միայն հակառակ կողմի համապատասխան քայլերից հետո:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 15-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման վերաբերյալ Շփման խմբի մասնակիցների կողմից փետրվարի 12-ին ստորագրված Համալիր միջոցառումների իրագործումը:
Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նրանք արծարծել են Դեբալցեւոյի շրջանում ստեղծված բարդ իրադրության հարցերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի առաքելության դերը անդորրի ռեժիմի կատարման նկատմամբ հսկողության գործընթացում:
Իր հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավար Մայքլ Բոցյուրկիվը հայտնել է, որ Ուկրաինայի արեւելքում դիտորդների թվաքանակը կհասցվի 350-ի: Բացի այդ, հրադադարի պայմանների կատարմանը հետեւելու համար կազմակերպությունը «պլանավորում է օգտագործել անօդաչու թռչող սարքեր եւ արբանյակային տեխնոլոգիաներ»: