Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մեղավոր է ճանաչել Դիլիջանի բնակիչ Արամ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

 

Դիլիջանի բնակիչ Արամ Ռազմիկի Խաչատրյանը 2014 թվականի մայիսի 29-ին' ժամը 02:30-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ Գագիկ Մկրտչյանից տեղեկանալով, որ Երևանի բնակիչ Սոս Բաղդասարյանը «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջանի տեղամասի անտառպետության տարածքում ապօրինի հատել է 12 հատ սոճի տեսակի ծառ, վերցրել է 12 տրամաչափի «ՏՈԶ-34» որսորդական հրացանը և իր կողմից վարած «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Դիլիջանի Խորհուրդներ փողոցի 40 տան մոտ, որտեղ նկատելով կտրտված և թափված գերանները, հայհոյանքներ է տվել Սոս Բաղդասարյանի հասցեին և մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ կրակել աջ ոտքին'պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը: