Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր եւ «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին է, որ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի հետ կապված գործընթացների վրա ազդում են «արտաքին գործոնները», եւ դա վրացական լարիի «սովորական արձագանքն» է գործընթացներին, տեղեկացնում Է &laqu o;Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Լարիի փոխարժեքը, որը երկար ժամանակ պահպանվում էր մեկ դոլարի դիմաց 1,74-1,76 լարիի նշագծին, սկսել է անկում ապրել 2014 թվականի նոյեմբերի վերջից: Ներկայում Վրաստանի Ազգային բանկի կողմից լարիի փոխարժեքը սահմանված է մեկ դոլարի դիմաց 2,0306 լարիի չափով:

 

«Մեր տնտեսությունը շատ թույլ է, 10-15 անգամ փոքր Եվրոպայի զարգացած երկրների տնտեսությունից: Թույլ տնտեսության պայմաններում ազգային աժույթի վրա ազդում է ցանկացած արտաքին գործոն. ես նկատի ունեմ տարածաշրջանում տիրող սուր իրադրությունը»,- նշել է Իվանիշվիլին:

 

Նա թվարկել է մի շարք հիմնական բացասական գործոններ, այդ թվում՝ «գլոբալ տնտեսության մեջ դոլարի փոխարժեքի աճը, Ուկրաինայի եւ Ռուսաստանի բարդ իրադրությունը, համապատասխանաբար վրացական արտահանման կրճատումը եւ այն միջոցների ծավալի նվազումը, որոնք արտարժույթով արտասահմանից Վրաստան են փոխանցվում վրացի հայրենակիցների կողմից»: Նաեւ, Իվանիշվիլիի խոսքով, կրճատվել է զբոսաշրջությունը, ինչի վրա նույնպես ազդել է տնտեսական անկումը տարածաշրջանում, թեեւ զբոսաշրջիկների հոսքը նվազել է ոչ միայն այդ պատճառով: «Եվ երկրորդ, կարծում եմ, ժամանակին սխալ թույլ տվեց արտաքին գործերի նախարարությունը, որն առանց կշռադատելու շատ երկրների հետ խստացրեց այցագրային ռեժիմը…»,- հավելել է Իվանիշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հրապարակվելու է փետրվարի 16-ին: