Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը վերստին անկում է ապրել: Մասնագետները մեղադրում են Ազգային բանկին, իսկ շարքային քաղաքացիները՝ կառավարությանը եւ երկրի իրադրությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեզոնանսի» թերթի վեբ-էջում անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցման մասնակիցների 73 տոկոսն ազգային արժույթի անկման պատճառը համարում է «Վրաստանի թույլ տն տեսությունը» եւ «իշխանությունների ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությունը»:
Ինչպես գրում է «Ռեզոնանսի» թերթը, դեկտեմբերի վերջին փոքր-ինչ ամրապնդված լարին հունվարին կրկին նվազել է եւ 27 օրում արժեզրկվել 6 տոկոսով: Եթե 2014 թվականի դեկտեմբերի 31-ին 1 դոլարն արժեր 1,8636 լարի, ապա 2015 թվականի հունվարի 26-ին Վրաստանի ազգային բանկի փոխարժեքով 1 դոլարն արդեն արժեր 1,9962 լարի: Մեկ տարում դոլարի նկատմամբ լարին արժեզրկվել է 12,6 տոկոսով:
Կառավարությունում այս արժեզրկման ֆոնին կրկին լավատեսական հայտարարություններ են անում եւ պնդում են, թե լարին շուտով կսկսի ամրապնդվել: Նույնպիսի լավատեսական հայտարարություններ էին արվում 2014 թվականի դեկտեմբերին, բայց լարին 1,8 նշագծի վրա դիմացավ սոսկ մի քանի օր եւ նոր տարվանից կրկին սկսեց անկում ապրել, նշում է հրատարակությունը:
«Ռեզոնանսի»-ի վեբ-էջում հարցմանը մասնակցածների մեծ մասը՝ 38,6 տոկոսը, ազգային արժույթի արժեզրկման գլխավոր պատճառը համարել են «Վրաստանի թույլ տնտեսությունը», 34,6 տոկոսը՝ «իշխանությունների ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությունը»: «Ռուս-ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը տեսնում է 7,6 տոկոսը, իսկ հարցվածների 15,3 տոկոսը լարիի անկումը համարում է «ամբողջ աշխարհում դոլարի կտրուկ ամրապնդման» հետեւանք»,- գրելէ հոդվածի հեղինակը, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: