Կրեմլում այն կարծիքին են, որ ռուբլու փոխարժեքի ներկայիս անկումը չի կարելի «փլուզում» համարել: Ավելին՝ նախագահի վարչակազմում համոզված են, որ Կենտրոնական բանկն ունի սցենարներ, որոնք թույլ կտան խուսափել իրադարձությունների նման զարգացումից: «Ես չէի օգտագործի «փլուզում» բառը, ռուբլու փոխարժեքն իրոք փոխվում է, բայց դա բնավ էլ փլուզում չէ»,- հունվարի 21-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Տվյալ դեպքում հիմքեր չկան կարծելու, որ Կենտրոնական բանկը չունի իրապես փլուզումային փոփոխություններից խուսափելու կոչված սցենարներ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է «մեգակարգավորիչ՝ Կենտրոնական բանկը, որը բավականաչափ ուշադիր հետևում է իրադրությանը և վերլուծում այն»: Ընդսմին Պեսկովը հրաժարվել է նշել ռուբլու այն փոխարժեքը, որը կարելի է փլուզումային համարել: «Դա իմ իրավասությունը չէ»,- ասել է նա: «Նման կանխատեսումները չպետք է Կրեմլից հնչեն»,- հավելել է Պեսկովը:
Մինչդեռ Մոսկվայի բորսայում հունվարի 21-ին ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը սակարկությունների նախորդ փակման մակարդակի համեմատությամբ աճել է 4,59 ռուբլով և կազմել 85,99 ռուբլի: Դա 5,89 ռուբլով ավելի է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին գրանցված առավելագույն ցուցանիշից: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 5,06 ռուբլով՝ մինչև 93,7 ռուբլու նշագիծ: