Ռուսական ռուբլու անկումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում Եվրոպայի առանձին երկրների համար, որոնց տնտեսություններն առանց այդ էլ տուժում են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը:

 

Ռուբլու անկումը կարող է Ռուսաստանի տարածք ներմուծված որոշ ապրանքներ դարձնել թանկ կամ նույնիսկ անմատչելի, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հայրենական արտադրողների արտադրանքի ժողովրդականության մեծացմանը և ՌԴ-ում առևտուր անող արևմտյան ընկերությունների եկամուտների նվազմանը, նշել է թերթը:

 

Ըստ որում Սլովակիայում, որն ավտոմոբիլների հավաքման կենտրոններից մեկն է, Ռուսաստան արտահանումը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,6 տոկոսը, Էստոնիայինը՝ 3,2 տոկոսը, Սլովենիայինը՝ 3 տոկոսը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան, արտահանման ծավալները կազմում են ՀՆԱ-ի 2 – 2,6 տոկոսը, վիճակագրություն է մեջբերում WSJ-ն:

 

Ռուսական արժույթի անկումն սպառնում է տնտեսություններին էլ ավելի մեծ հարված հասցնել, քան այն, ինչն այժմ դրանք կրում են արևմտյան պատժամիջոցներին ՌԴ-ի պատասխան միջոցներից , հաղորդել է ՌԻԱ Նովոստին: