ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձել է ՏԿԱԻ նախարարությունում նոր նշանակումներին:

 

 

Արմեն Երիցյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ռուս-հայկական հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնի պետ Պ. Գյոզալյանին' նշելով, որ վստահում է վերջինիս մասնագիտական որակներին, և Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Ա. Արշակյանին: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցել է անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 291 դեպք:

 

 

Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը ներկայացրել է շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Նախարար Երիցյանը փոխնախարար Արտաշես Բախշյանին հանձնարարել է ուսումնասիրել Միգրացիոն պետական ծառայությունում քաղաքացիների ընդունելության գործընթացները և մեխանիզմներ առաջարկել, թե ինչպես այն քաղաքացիների համար դարձնել ավելի դյուրին և հարմարավետ:

 

 

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՏԿԱԻ նախարարին զեկուցել է, որ անցյալ տարվա հունվարի համեմատ՝ այս տարի արխիվում քաղաքացիների դիմումների կտրուկ աճ է նկատվում, ինչի կապակցությամբ էլ վերջինս առաջարկություններ է ներկայացրել քաղաքացիների հետ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: