Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում են ՍՊԾ գործակալությունից, նոյեմբերի 12-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3 .3) և 15-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկու ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Թուրքիայում, համապատասխանաբար՝ Բիթլիս քաղաքից 38 կմ դեպի հարավ-արևելք և Վան քաղաքից 29 կմ դեպի արևելք: Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած 3 բալ (մագնիտուդ 2.5) ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ադրբեջանի Եվլախ քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևմուտք:

 

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Նոյեմբերի 13-ին 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավում՝ Կյուշու կղզու Մակուրադզակի քաղաքից 140 կմ դեպի հարավ-արևմուտք: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են 17 պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Սագայում և Կոգոշիմայում: Հայտարարել է հնարավոր ցունամիի վտանգի մասին, տարհանվել է ափամերձ բնակչությունը:

 

 

Նոյեմբերի 17-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հունաստանում՝ Նիդրի քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիավորվել 4-ը: Հունական Իտակա կղզում վնասվել են մի քանի շենքեր, եկեղեցիներ և խանութներ, առաջացած սողանքների պատճառով դադարեցվել է ճանապարհային երթևեկությունը: Նոյեմբերի 18-ին գրանցված 7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Սողոմոնյան կղզիների Դադալի քաղաքից 80 կմ դեպի հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

 

Նոյեմբերի 17-ին 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանում՝ Գուլչա քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցումների պատճառով Ղրղզստանի հարավում վնասվել է ավելի քան 5 բնակելի շենք: