Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 18 երկրաշարժ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, երկրաշարժերից 9-ը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ, գրանցվել են Ադրբեջանի հյուսիսարևմտյան տարածքում' Ղազախ քաղաքից դեպի հյուսիս-արևելք: Սեպտեմբերի 18-ին Իրանի Ահար քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում:
Հաջորդ օրը Ադրբեջանի հարավում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Լենքորան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժն զգացվել է մոտակա բնակավայրերում' 3-4 բալ ուժգնությամբ:
Սեպտեմբերի 19-ին 3 սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայում, որից երկուսը՝ 4 բալ ուժգնությամբ, Կարս քաղաքից 27 կմ դեպի հյուսիս, իսկ երրորդը' 3 բալ ուժգնությամբ, Հորասան քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք: Նույն օրը Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Խոյ քաղաքից 51 կմ դեպի արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ:
Սեպտեմբերի 21-ին Թուրքիայում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ 2 սեյսմիկ իրադարձություն' Վան քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 53 կմ դեպի հարավ- արևելք: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Նույն ժամանակահատվածում սեպտեմբերի 24-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի արևմտյան մասում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: