Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը սեպտեմբերի 17- 23-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, սեպտեմբերի 17-ին 3 բալ և 18-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.8) երկու սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 19 կմ և 24 կմ դեպի հյուսիս-արևելք: Սեպտեմբերի 18-ին 3-4 բալ (մագնիտուդ 2.7) ուժգնությամբ գրանցված ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայի Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 9 երկրաշարժ: Սեպտեմբերի 18-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Միջատլանտյան լեռնաշղթայի Ֆրանսիական Գվիանայի անդրծովյան երկրամասում: Շարունակվում է պահպանվել սեյսմիկ ակտիվությունը Չիլիիում. սեպտեմբերի 17-ից մինչև 23-ն այստեղ գրանցվել է ութ երկրաշարժ՝ 6.1-6.7 մագնիտուդով: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Սեպտեմբերի 17-ին Չիլիիում տեղի ունեցած 8.3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, իսկ անհետ կորածներինը՝ 6-ի, կան տասնյակ վիրավորներ: