Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, նոյեմբերի 6-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Հաջորդ օրը նույն ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Բիթլիս քաղաքից 47 կմ դեպի հյուսիս և Իրանի Խոյ քաղաքից 47 կմ հարավ-արևելք: 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել նոյեմբերի 8-ին և 9-ին, համապատասխանաբար Վրաստանի Նինոծմինդա քաղաքից 25 կմ և Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևելք:

 

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ, որոնք տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում: Նոյեմբերի 7-ին գրանցված 6.6 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Պապուա Նոր Գվինեայի արևելյան ափերի մոտ: Նոյեմբերի 10-ին Նոր Կալեդոնիայի արևելքում տեղի ունեցած սեյսմիկ իրադարձությունն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: