Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը հայտարարել է, որ Թուրքիայում ոչ թե անկախ, այլ անհանդուրժողական ժողովրդավարություն է:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փամուքը հայտարարել է գերմանական Die Ziet թերթին տված հարցազրույցում:

 

«Թուրքիայում ժողովրդավարություը լիբերալ եւ ազատ չէ, այն պոպուլիստական եւ անհանդուրժողական է», -ասել է նա:

 

Փամուքը նշել է, որ Թուրքիայում լրագրողին կարող են հետապնդել անգամ համացանցի սեփական էջում «արտահայտվելու անկախությունը Թուրքիայում արժեք չունի» գրելու համար:

 

«Թուրքիայում որեւէ բան ասելու համար պարտավոր ես 50 անգամ մտածել: Ստամբուլի Գեզի զբոսայգու իրադարձություններից հետո Թուրքիայում ամեն բան սկսեց վատանալ: Կառավարության քննադատաները խիստ հակադարձության են արժանանում: Ինձ որպես Արեւմուտքի գործակալ են ներկայացնում», -հավելել է նա:

 

Փամուքը նշել է, որ թուրք ժողովուրդը ժողովրդավարությունից ավելի կարեւորում է տնտեսական աճը:

 

«Մարդիկ ամեն օր լսում են կոռուպցիայի, կաշառակերության մասին, բայց ձայն չեն հանում», -ասել է նա: Փամուքը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի' Եվրամիության մեջ ներառվելու ժամանակն արդեն ացել է, ինչը կապված է Եվրոպայի եւ Թուրքիայի սեփական խնդիրների հետ:

 

«Թուրքիայում 1 մլն հայ է սպանվել» արտահայտությամբ, փաստորեն,Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գրողն այն հարցին, թե ինչ կարող է ասել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առնչությամբ, պատասխանել է. «Կցանկանայի, որ Թուրքիան եւ հատկապես' ընդդիմությունն այս թեման գնահատի արտահայտվելու ազատության շրջանակում»: