Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը քննադատել է Թուրքիայում խաղաղության կոչ անող ակադեմիկոսների ձերբակալությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իտալական La Repubblica պարբերականին տված մեկնաբանության մեջ Փամուքը նշել է, որ այդ ձերբակալությունը միայն վնաս է հասցրել Թուրքիայի՝ առանց այդ էլ սահմանափակ ժողովրդավարությանը: «Հայտարարություն հրապարակելն ու դրա տակ ստորագրելը ցանկացած ժողովրդավարության հիմնական գործողություններից է: Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի ժողովրդավարություն, որտեղ չեն թույլատրի ակադեմիկոսներին արտահայտել սեփական գաղափարները»,- նշել է թուրք գրողը:
Փամուքը նշել է, որ Թուրքիայում չկա ժողովրդավարություն, որտեղ կհարգվեն խոսքի ազատությունը, իշխանությունների տարանջատումը, համալսարանների ինքնիշխանությունը: «Մի երկրում, որտեղ ակադեմիկոսներին պարտադրում են ընդունել կառավարության որոշումները, ժողովրդավարության մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է նա:
Թուրք ավելի քան հազար ակադեմիկոսներ ստորագրել էին իշխանություններին հասցեագրված հայտարարության տակ, որում նրանք կոչ էին անում դադարեցնել բռնությունները երկրի հարավ-արևելքում և «Քրդական հարցը» կարգավորել խաղաղ ճանապարհով։ Այս հայտարարությունը զայրացրել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով «դավաճան» էր անվանել գիտնականներին և հրահանգել դատախազությանը նրանց դեմ հետաքննություն սկսել: Արդյունքում 21 ակադեմիկոս ձերբակալվել էին, իսկ ավելի ուշ' ազատ արձակվել: