ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխացնմամբ' այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Էնդրյուի (Ֆրանսիա)' փետրվարի 16-19-ը տարածաշրջան այցի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում: Նրանց ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:
Այցի հիմնական նպատակն է հորդորել կողմերին հունվարին լարվածության վտանգավոր սրացումից հետո խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Վերահաստատելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հանձնառությունը' երկրների նախագահները նաև համաձայնել են դիտարկել և հաշվի առնել հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված համանախագահների առաջարկները: Նախագահների և արտգործնախարարների հետ քննարկվել են հակամատության կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաˋ այս տարիˋ ավելի ուշ ն ախագահների հանդիպման նախապատրաստությունները:
Տարածաշրջան այցի ընթացքում համանախագահները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետˋ քննարկելու ԼՂ հակամարտության արդյունքում անհայտ կորած մարդկանց վերաբերող խնդիրները: Նրանք նշել են 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունըˋ ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորած մարդկանց մասին տեղեկատվության փոխանակման վերաբերյալ: