Վրաստանը երբեք չի հրաժարվի իր տարածքներից՝ Աբխազիայից եւ Ցխինվալի տարածաշրջանից, եւ բոլոր խաղաղ լծակները կօգտագործի երկրի միավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ասված Է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հայտարարության մեջ:

 

«Վրաստանի մի մասը դեռեւս բռնազավթված Է, բայց մենք երբեք չենք հաշտվի դրա հետ, եւ բոլոր խաղաղ լծակները կօգտագործենք մեր երկիրը միավորելու համար: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք ապագա սերնդին թողնել միավորված եւ հաջողակ պետություն»,- ասել Է Ղարիբաշվիլին:

 

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ փետրվարի 25-ին Վրաստանում խոնարհված են բոլոր պետական գերատեսչությունների դրոշները: Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն առավոտից ծաղկեպսակներ են բերում յունկերների հուշահամալիր, որոնք հերոսաբար զոհվեցին երկրի անկախության համար պայքարում: Հուշահամալիրը գտնվում Է Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի հին շենքի բակում:

 

Փետրվարի 25-ը Վրաստանում նշվում Է որպես առաջին դեմոկրատական հանրապետության օկուպացման օր: 1921 թվականի այդ օրը Թբիլիսի մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը՝ ճնշելով կամավորական ջոկատների եւ վրացի յունկերների դիմադրությունը: Խորհրդարանի որոշման համաձայն՝ 2010 թվականին փետրվարի 25-ը հայտարարվեց Խորհրդային օկուպացիայի օր: