Վրաստանը ցանկանում է սկսել հաշտվելու իրական գործընթացը աբխազ և օս եղբայրների հետ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հայտարարությունն այն մասին, որ մտադիր են փակել 5 անցակետ Վրաստանի հետ սահմանին, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Երեկ հնչել է նոր նախաձեռնություն Աբխազիայի իշխանությունների կողմից։ Այդ կապակցությամբ ես ցանկանում եմ նշել, որ իշխանության գալու ժամանակից ի վեր մենք հայտնել ենք մեր ցանկությունը և պատրաստակամությունը սկսել իրական հաշտեցման գործընթացը մեր աբխազ և օս եղբայրների հետ»,- նշել է Ղարիբաշվիլին։

 

Նա նաև անմտություն է համարել Աբխազիայի իշխանությունների նախաձեռնությունը և նշել է, որ «նման որոշումը կբարդացնի քաղաքացիների վիճակը»։

 

«Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած հումանիտար օգնություն մեր եղբայրներին։ Պատահական չէ, որ անջատման գծի երկայնքով մենք կառուցում ենք բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որի շինարարությունը կավարտվի 2 տարի անց, և մեր աբխազ և օս եղբայրները կկարողանան բուժման կուրսեր անցնել այնտեղ»,- հավելել է վարչապետը։