Վրաստանի իշխանություններն աբխազների և օսերի հետ երկխոսությունը պետք է ժամանակին սկսեին, որպեսզի խուսափեին ՌԴ-ի կազմի մեջ այդ տարածաշրջանների մտնելու շուրջ հանրաքվեի անցկացման հարցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

 

Մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու շուրջ Հարավային Օսիայում հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը՝ Բուրջանաձեն ասել է, որ, եթե Վրաստանի կառավարությունը ժամանակին ուղղակի երկխոսություն սկսեր աբխազների և օսերի հետ, այսօր իրականությունն այլ կլիներ և այդօրինակ հայտարարություններ չէին արվի:

 

«Իշխանությունների ևս մեկ ու մեծ սխալն այն է, որ նրանք վերստին նայում են դեպի Արևմուտք: Մեր իշխանությունների հայտարարություններն անօգնական էին, և դրանք բոլորն ուղղված էին այն բանին, թե մենք կիրազեկենք մեր արևմտյան գործընկերներին: Եվ ի՞նչ: Ի՞նչ ենք մենք անում, բացի Արևմուտք նայելուց: Այսօր Արևմուտքն Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Մենք պետք է հասկանանք, որ մեր փոխարեն ոչ ոք ոչինչ չի անի»,- նշել է Բուրջանաձեն:

 

Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նա պատրաստվում է հանրաքվե նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ տարածաշրջանի մտնելու հարցի շուրջ: Թիբիլովը Ցխինվալում ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ կայացած հանդիպմանը նշել է, որ Ռուսաստանի հետ վերամիավորվելն օս ժողովրդի դարավոր երազանքն է, հաղորդել է Sputnik-ը: