ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եղել է Արարատի մարզում, ծանոթացել մարզի մարզօջախների պայմաններին, նրանց գործունեության ուղղություններին, առկա խնդիրներին:
Նախարարը հանդիպել է նաև մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ, ում ուղեկցությամբ այցելել է Արտաշատի համալիր և Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցներ, ծանոթացել է աշխատանքային առօրյային, քննարկել աշխատանքների բարելավմանը վերաբերող հարցեր, անդրադարձել գույքային խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Այցի ավարտին, նախարարն ու մարզպետն անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ մարզի սպորտի ոլորտի պատասխանատուների, մարզադպրոցի տնօրենների, մարզիչ-մանկավարժների, ավագ և հիմնական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների հետ: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարզիչները Գ. Ղազարյանի կողմից պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով: