Միջազգային իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններ դիմում-նամակ են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, որում կոչ են արել գնահատական տալ Ադրբեջանում մամուլի ազատության խախտումներին եւ քաղաքացիական հասարակության ճնշմանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիմումի հեղինակները թվարկել են այն բոլոր փաստերն ու դեպքերը, որոնք վկայում են այդ խախտումների մասին: Նրանք ՄԱԿ-ին կոչ են արել գնահատական տալ դրանց եւ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել դրանք կանխելու համար:
Դիմումը ստորագրել են Freedom House, Front Line Defenders, Human Rights Watch, Human Rights Foundation, International Federation for Human Rights (FIDH), International Service for Human Rights (ISHR), People in Need կազմակերպությունները:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ ԶԼՄ-ների ազատության վարկանիշով աշխարհի 180 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 162-րդ տեղը: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանը դասել է «անազատ» եւ «բռնատիրական» երկրների շարքին: CPJ կազմակերպությունը Ադրբեջանը համարել է տարածաշրջանում լրագրողների «գլխավոր բանտապան»:
ԵԽԽՎ-ն եւ Եվրոպայի Խորհուրդն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների գնալով վատացող իրավիճակի համար: Միջազգային կազմակերպությունները նշում են Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալների առկայության մասին: