Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեի պաշտոնավարման հարցը կլուծվի, ելնելով այն բանից, թե ինչպիսին կլինի նրա ամենամյա հաշվետվությունը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների կողմից ազգային արժույթի՝ լարիի ամրապնդման համար կատարված աշխատանքից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

 

ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել է ակտիվորեն նվազել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից և վերջին սակարկությունների արդյունքում հաստատվել է 1 դոլարի դիմաց 2,2494 լարիի նշագծին: Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը եղել է 1 դոլարի դիմաց 1,74-1,76 լարի:

 

 

«Հնարավոր է, որ Ազգային բանկն այնպիսի հերոսական քայլեր ձեռնարկի, որ, ընդհակառակը, մենք ստիպված լինենք շնորհակալություն հայտնել: Բայց, հնարավոր է, որ գործերն այնպես ընթանան, որ Կադագիձեն նույնիսկ չկարողանա հաշվետվությունը ներկայացնելու համար ներկայանալ խորհրդարան: Որոշումները պետք է ընդունվեն, ելնելով ամենամյա հաշվետվությունից, ելնելով այն բանից, թե ինչպես է աշխատել այս կամ այն գերատեսչությունը և ինչ արդյունքներ են ձեռք բերվել: Փաստն այն է, որ այսօրվա դրությամբ առկա է գործոններից մեկը՝ Ազգային բանկի ոչ հմուտ գործողությունները»,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիդ Սագանելիձեն՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

 

Մինչդեռ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին է, որ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման շուրջ արհեստական հիստերիա է ստեղծվել, և հայտարարում է, որ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրադրությունը կայունացնելու համար:

 

 

«Կառավարությունը մոբիլիզացված է: Մենք սերտ կապի մեջ ենք Ազգային բանկի հետ, և ես կարծում եմ, որ հիստերիկան իրոք արհեստականորեն է ստեղծվել, դա հատկապես վերաբերում է ԶԼՄ-ներին: Մեզ անհրաժեշտ է հանգստացնել, նորմալացնել ու կայունացնել իրադրությունը: Ցանկանում եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վիճակը շտկենք հնարավորինս արագ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

 

 

Փետրվարի 26-ին Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին տարածել է հատուկ հայտարարություն, որում Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեին մեղադրել է անգործության մեջ, ինչը հանգեցրել է «ազգային արժույթի ճգնաժամին»: Նրա խոսքով՝ բոլոր օբյեկտիվ գործոնների հաշվառմամբ լարիի փոխարժեքը չպետք է գերազանցի ԱՄՆ-ի մեկ դոլարի դիմաց երկու լարին, և Ազգային բանկի նախագահը պետք է «համարժեք քայլեր» ձեռնարկի: