Սիրիայի շրջանների շուրջ 600 հազար բնակիչներ, որոնք գտնվում են «Իսլամական պետության» հսկողության տակ, 2014թ. դեկտեմբերից բավարար օգնություն չեն ստացել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին փետրվարի 26-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով օգնական Կյունգ-վա Կանգը ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ:

 

«Ռակկայի և Դեր Զորի նահանգներում ԻՊ-ն փակել է մի քանի կազմակերպությունների ներկայացուցչություններ, այդ թվում՝ Սիրիայի կարմիր մահիկ կազմակերպությունը»,-նշել է նա՝ ավելացնելով, որ հունվարին ավելի քան 2 միլիոն բնակիչ Հալեպի և Դարաայի մարզերում մնացել են առանց հոսանքի և ջրի: Կյունգ-վա Կանգի խոսքով' շրջափակման մեջ գտնվող տարածքներից 212 հազար մարդուց հնարավոր է եղել օգնություն հասցնել միայն 304-ին:

 

Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ը պարենային օգնություն է հասցրել 3,4 միլիոն սիրիացու, միևնույն ժամանակ ևս 100 հազար մարդ դեղորայք, անհրաժեշտ պարագաներ են ստացել:

 

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը եվրոպական և Պարսից ծոցի երկրներին կոչ է արել ընդունել ավելի շատ փախստականներ Սիրիայից, որպեսզի նրանք հրաժարվեն անօրինական ճանապարհով այնտեղ մեկնելուց:

 

Նրա խոսքով' այս տարվա սկզբից ավելի քան 370 սիրիացի խեղդվել են Միջերկրնական ծովն անցնելու և Եվրոպա հասնելու ժամանակ:

 

«Յուրաքանչյուր 20 մարդու դիմաց, ում հաջողվել է հասնել, մեկ մարդ խեղդվել է»,- տեղեկացրել է Գուտերեշը՝ հավելելով, որ եվրոպական ափեր հասածների մեջ 220 հազարի մեկ երրորդը սիրիացի փախստականներ են;

 

Նա կոչ է արել ավելի ակտիվ ծովային գործողություններ ծավալել, սակայն ընդգծել է, որ առաջին հերթին պետք է հաշվի առնել պատճառները, որոնք փախստականներին ստիպում են ուղևորվել մահացու վտանգավոր ուղևորության: «Նավակ նստող մարդկանց թիվը կրճատելու համար պետք է ապահովել ավելի շատ օրինական ուղիներ, որոնցով սիրիացիները կարող են պաշտպանություն գտնել»,- ասելէ Գուտերեշը:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով միլիոնավոր սիրիացիներ ստպված հեռացել են իրենց տներից՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: