Նախագահի թեկնածու նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը վաղը' փետրվարի 1-ին ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում կհանդիպի բնակչության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը:
Նա նշեց, որ այս հանդիպումը թեկնածուի ավանդական հանդիպումների շարքից է: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր ընտրվելուց հետո Հրանտ Բագրատյանը ամսիմեկյան ավանդական հանդիպումներ է ունենում իր ընտրողների հետ, զրուցում եւ այլն: «Մարդիկ հարցեր են ունենում, տալիս են»,- ասաց նա: Ի դեպ, այս հանդիպման մասին Հրանտ Բագրատյանը տեղեկացրել էր նաեւ «Ֆեյսբուքի» իր էջում' նշելով, որ «խոսելու շատ բան կա»:
Անդրադառնալով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի' վերջին 6 ամիսների ընթացքում երկրից բացակայողների ցուցակը տրամադրելու անհնարինության մասին հայտարարությանը, Կարինե Հարությունյանը նշեց. «Այստեղ անհնար բան չկա: Ընտրացուցակների հարցը իշխանությունների համար նորություն չէ, այս մասին ընդդիմության կողմից խոսվել է ոչ մեկ անգամ եւ պարոն Բագրատյանը հարցին անդրադարձել է դեռեւս ամիսներ առաջ: Ցուցակները ճշտելու մեխանիզմներ կարող էին մշակվել դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ, եթե ոչ' ավելի շուտ»: Հարցին, թե ինչ եք պատրաստվում անել, արդյոք առաջիկայում եւս կլինեն նախագահի թեկնածուներից երեքի' Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի համատեղ հայտարարություններ, նա թողեց առանց մեկնաբանության:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել' ներկայացնելով իրենց մտահոգությունները ընտրությունների կապակցությամբ: Նրանք պահանջում են հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները:
Դրանից հետո Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանի նախագահի թեկնածուներից երեքի' երկրից հեռացածների ցուցակները հրապարակելու պահանջն անհնար է կատարել: Հովհաննես Քոչարյանը շեշտել է , որ այդ պահանջը նոր չէ, նախորդ համապետական ընտրությունների ժամանակ եւս նման պահանջ է ներկայացվել: «Սակայն, այդ պահանջը անհնար է կատարել, որովհետեւ Հայաստանից 6 ամիս ավելի բացակայած անորոշ շրջանակի անձանց վերաբերյալ տեղեկատվություն Հայաստանի ոստիկանությունը չունի, որեւէ պետական այլ մարմին եւս տեղեկատվություն չունի»,- ասել է նա' հավելելով, որ այլ բան է,երբ անհատական որոնման սկզբունքով փորձում ես ինչ-որ մեկի մուտքն ու ելքը ճշտես, այլ բան է, երբ անորոշ շրջանակի անձանց վերաբերյալ է տեղեկություն տրվում: