«Ազատություն» կուսակցության անդամներ, Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Նորայր Պողոսյանը և Սամվել Մուրադյանը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Ելնելով նախընտրական քարոզչության շրջանակներում «Ազատություն» կուսակցության նախագահի բազմիցս կատարած՝ Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու վերաբերյալ հայտարարություններից, նպատակահարմար չենք համարում մեր հետագա անդամակցությունը «Ազատություն» կուսակցությանը»: Այս մասին գրում է ilur.am կայքը:
168.am-ը փորձեց ճշտել, թե ո՞րն է պատճառը, որ «Ազատություն» կուսակցության անդամները դադարեցրել են իրենց անդամակցությունը, այն էլ՝ կուսակցության նախագահի բազմիցս կատարած հայտարարությունների առնչությամբ, ինչպես նշված է հայտարարության մեջ, սակայն մեր զրուցակիցներից և ոչ մեկը տեղյակ չէր հայտարարությանը:
Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արշակ Ավագյանը նախ զարմացավ՝ նման տեղեկատվության տարածման առիթով, հետո ասաց, որ կուսակցությունը տվյալ անձանցից անդամակցության դադարեցման մասին դիմում չի ստացել: «Կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարությունից առաջ, որպես կանոն, պետք է դիմում ներկայացվի այդ մասին, սակայն, այս պահի դրությամբ, մենք ոչ մեկի անդամության կասեցման մասին դիմում չունենք»,- ասաց Արշակ Ավագյանը:
Տեղեկության մասին տեղյակ չէր նաև Հրանտ Բագրատյանի շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը, ով ևս զարմացավ տարածված հաղորդագրության առիթով՝ նշելով, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում: