Քարոզարշավի երկրորդ շաբաթը բավականին հագեցած էր մեզ համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը:
Ամփոփելով' նա նշեց, որ հունվարի 28-ին Հրանտ Բագրատյանն մեկնել է Գյումրի եւ մասնակցել շտաբի բացմանը, այնուհետեւ հանդիպել է շտաբի անդամների եւ համախոհների հետ, նաեւ ասուլիս տվել: Պատգամավոր դառնալուց հետո Հրանտ Բագրատյանի համար արդեն ավանդույթ էր դարձել յուրաքանչյուր ամսվա սկզբին ընտրողների հետ հանդիպելը, եւ փետրվարի 1-ին Ազատության հրապարակում հերթական հանդիպումն է տեղի ունեցել: «Փետրվարի 1-ին դադարեցրել էինք մեր քարոզարշավը եւ քարոզչական նյութերի հրապարակումը' ի զորակցություն Պարույր Հայրիկյանի, բայց քանի դեռ պաշտոնապես քարոզարշավը չի դադարեցվել եւ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո դեռեւս չկա որոշում ընտրությունների օրը հետաձգելու մասին, մենք կշարունակենք մեր քարոզարշավը»,- ասաց Կարինե Հարությունյանը: Մամուլի քարտուղարը նաեւ տեղեկացրեց, որ
իրենց նախընտրական շտաբ են այցելում մեծ թվով քաղաքացիներ, մարդիկ գալիս են իրենց համակրանքը արտահայտելու, պատրաստակամ են աջակցել, հետաքրքքված են Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրերով, հատկապես' «Ընդամենը 100 քայլ մինչեւ սոցիալական արդարություն» տնտեսական ծրագրով: «Ի դեպ, այս շաբաթ մեր շտաբ են այցելել բավական թվով մարդիկ այլ կուսակցություններից: Նրանք մարդիկ են, ովքեր հիասթափություններ ունեն իրենց կուսակցության գործունեությունից եւ նույնիսկ ցանկություն են հայտնում անդամագրվելու Հրանտ Բագրատյանի' «Ազատություն» կուսակցությանը: Շատ կամավորներ ցանկություն ունեն պարոն Բագրատյանի նախընտրական բուկլետները բաժանելու»,- ասաց նա: Կարինե Հարությունյանի կարծիքով' քարոզարշավի երկրորդ շաբաթը ցույց է տվել, որ Հրանտ Բագրատյանի նկատմամբ հասարակության համակրանքը գնալով ավելանում եւ վարկանիշը բարձրանում է: Նրանք ունեն իրենց պատվիրած սոցիոլոգիական հարցումների առաջին արդյունքները, եւ դրանք, Կարինե Հարությունյանի խոսքով, գործող նախագահի օգտին չեն: «Սա մեզ ապացուցում է, որ տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները մեզ վստահություն չեն ներշնչում, եւ դրանք գնահատում որպես իշխանությունների պատվեր»,- ասաց նա' շեշտելով, որ նպատակահարմար չեն գտնում արդյունքները հրապարակել, քանի որ :դրանց պատվիրատուն իրենք են, դա հրապարակման համար չէ. այլ իրենց համար' իրավիճակը ճիշտ գնահատելու նպատակով:
Անդրադառնալով ընտրությունների հնարավոր հետաձգմանը' մամուլի քարտուղարն ասաց, որ թեեւ քարոզարշավը իր բուռն ընթացքի մեջ էր, բայց պետք է հետաձգվեն ընտրությունները, քանի որ դա Սահմանադրության պահանջն է: «Այդ ժամանակը իշխանությունները կարող են օգտագործել հանցագործության մեղավորին հայտնաբերելու համար, եւ կարծում ենք' դա իրենց շահերից է բխում»,- ասաց Կարինե Հարությունյանը' նշելով, որ այդ մասին խոսել է նաեւ Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախընտրական շտաբը եւս հայտարարություն է արել եւ հայտնել դիրքորոշումը: Մամուլի քարտուղարի խոսքով' կատարվել է հանցագործություն. մահափորձ են կատարել ՀՀ նախագահի թեկնածուի վրա եւ օրենքի տառի խախտումը այստեղ կարող է խնդիրներ առաջացնել: «Կատարվել է հանցագործություն եւ այն կատարողը պետք է հայտնաբերվի: Սերժ Սարգսյանը թող ապացուցի, որ ինչպես իր նախընտրական կարգախոսում է ասվում' տանում է դեպի ապահով Հայաստան: Իրականում, մինչեւ այս պահը հակառակն ենք տեսնում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու' ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունվարի 21-ին:
Նշենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել' իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: