Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո ստեղծված պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների'մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին: Այդ մասին ասվում է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարության մեջ:
«Երեկ, հունվարի 31-ին կեսգիշերին մահափորձ է կատարվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ:
Փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պայմաններում մեզ համար անհասկանալի է իշխանության ներկայացուցիչների'մեկը մյուսին հետևող հայտարարությունները առ այն, որ մահափորձը ձեռնտու էր իշխանության հակառակորդներին:
Այս մարդիկ, ովքեր հունվարի 31-ից ստանձնել են Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակի պահակի գործառույթը, իրենց հաշիվ չեն ուզում տալ, որ պարտավոր են կարգուկանոն հաստատել երկրում:
Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ մեծ հաշվով հենց դուք եք մեղավորը կատարվածի մեջ: Մեծ հաշվով, տեղի է ունեցել ահաբեկություն: Երկրում ահաբեկության մթնոլորտի հեղինակները դուք եք: Մենք սրանում համոզվում ենք քարոզարշավի ողջ ընթացքում: Մոբիլիզացրել եք վարչական ռեսուրսը, կենտրոնացրել եք լրատվամիջոցները, տարածում եք սոցիոլոգիական ապատեղեկատվություն, օրենքը խախտելով կատարում եք հակաքարոզչություն: Ի՞նչ է, վախենում եք, որ երկրորդ փուլ էլ չեք անցնի: Լավ մտածեք, ձեր վերջը Հայաստանի վերջը մի դարձրեք: Այսօր, ձեր միակ փրկությունը հանցագործներին շուտափույթ հայտնաբերելն է, երկրում ահաբեկության մթնոլորտը վերացնելը»,- ասված է հայտարարության մեջ: