«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի համար ցանկալի տարբերակ է' հավատարիմ մնալ Հայաստանի Սահմանադրության պահանջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանի մամուլի քարտուղար Կարինե Հարությունյանը' անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգմանը կամ նոր ընտրությունների նշանակմանը:
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է' Սահմանադրության պահանջն է' երկու շաբաթով հետաձգել եւ մենք հարգում ենք մեր երկրի գերագույն օրենքը' ՀՀ Սահմանադրությունը: Նոր ընտրությունների մասին կխոսենք հետո, երբ երկու շաբաթը կանցնի»,- ասաց նա: Հարցին, թե ո՞րն է ձեզ համար ցանկալի տարբերակ, նա նշեց, որ ցանկալի է հավատարիմ մնալ Սահմանադրության պահանջին:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում պետք է կայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնակցում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու' ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելէ հունվարի 21-ին:
Նշենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել' իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին: Վաղը Պարույր Հայրիկյանը կհայտարարի' դիմում է ՍԴ' ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով, թե ոչ: Նա միանշանակ բացառել է նոր ընտրություններ նշանակելու հնարավորությունը:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: