Վաղ թե ուշ ես կդառնամ այս երկրի նախագահը, ես դրանում վստահ եմ: Այսօր' փետրվարի 9-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը' հավելելով. «Գոյություն չունի այլ ընդդիմություն, այդ ընդդիմությունը հիմա կանգնած է ձեր առջեւ»: Այս մասին Աշտարակից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Ես ձգտում եմ նախագահ դառնալ, այլ պաշտոն ինձ չի հետաքրքրում: Ես արդեն հոգնել եմ եւ ուզում եմ կարգի բերել երկիրը»,-հայտարարել է Հրանտ Բագրատյանը: Նա ընդգծել է, որ նախագահ դառնալու դեպքում կլուծի 4 հիմնական խնդիր. «Ես կարծում եմ, որ սոցիալական բեւեռացումը մեր երկրում շատ մեծ է: Քանի որ աղքատները շատ աղքատ են, իսկ հարուստները' շատ հարուստ, ես առաջարկում եմ պրոգրեսիվ հարկային քաղաքականության միջոցով մոտեցնել նրանց»,-հայտարարել Բագրատյանը, հստակեցնելով, որ պրոգրեսիվ հարկային քաղաքականության էությունն այն է, որ եթե 300 դոլար աշխատավարձ սրացողը վճարում է 20 տոկոս հարկ, ապա 20 հազար դոլար ստացողը պետք է վճարի 40 տոկոս: Նա նաեւ հավելել է, որ այդ առաջարկի առնչությամբ իրեն բերում են Ֆրանսիայի օրինակը, որտեղ նման հարկային քաղաքականության արդյունքում հարուստ մարդիկ սկսել են լքել երկիրը: «Դուք նայեք այդ բուրժույներին, որ Հայաստանը համեմատում են Ֆրանսիայի հետ, քանի որ չեն ուզում ոչ մի կոպեկ զիջել»,-ընդգծել է Բագրատյանը:
Նրա խոսքով' պետք է խիստ օրենքներ մտցնել նաեւ սուպերմարկետների համար եւ նպաստել փոքր բիզնեսի գործունեությանը: «Երկրորդը, որ ես կանեմ, կվերացնեմ մենաշնորհները: Փետրվարի 20-ին ես կհայտարարեմ, որ մաքսատունն ազատ է եւ բոլորը կարող են շաքար ներկրել, եւ թող որեւէ մեկը համարձակվի խանգարել ձեզ: Երրորդ կետով ես կնպաստեմ փոքր ձեռնարկություններին եւ գյուղացիներին հետեւյալ կերպ. Բիզնես սկսելու ցանկություն ունեցող մարդուն կտրվի 5 հազար դոլարի վարկ: Բացի այն, որ գյուղացին հող ունի, նա բաժին կունենա նաեւ վերամշակող ձեռնարկությունում: Գյուղացուն այդ ամենով կապահովի պետությունը:
Եվ, վերջապես, ես կփոխեմ ֆինանսավորման կառավարումը, կվերացնեմ հարկային մենաշնորհը, ԿԲ-ին կմնա միայն կարգավորման գործառույթը, իսկ վերահսկման գործառույթը կիրականացնի անկախ հանրային մարմինը, որը կստեղծվի հատուկ այդ նպատակով»,-ամփոփել է նախագահի թեկնածուն: