Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկիչները ռազմական օգնություն են ստանում, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դավանում է «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, Ասադը հայտարարել է պորտուգալական RTR հեռուստաալջքին տված հարցազրույցում:
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից սիրիական «չափավոր» ընդդիմությանը համատեղ զինելու եւ վարժելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության առնչությամբ նախագահ Ասադը նշել է, որ «չափավոր ընդդիմությունը» Սիրիայում երեւակայություն է, որի հետեւում, առաջին հերթին, թաքնվում են «Իսլամական պետության» (ԻՊ), «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի եւ այլ կազմակերպությունների ահաբեկիչները:
«Արեւմտյան քաղաքական գործիչները ահաբեկիչների դեմ պայքարի չեն ձգտում, ինչի ապացույցը հանդիսանում է 5 հազարից ավելի մարտիկներ պատրաստելու մասին ԱՄՆ-ի կողմից օրերս արված հայտարարությունը: Ինչ է դա, եթե ոչ պաշտպանություն ահաբեկիչներին», -հարցադրել է Ասադը:
Սիրիայի նախագահը Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային մեղադրել է ջիհադականներ պատրաստելու մեջ:
«Դա միայն ԻՊ-ի գաղափարախոսությունը չէ, դա վահաբիզմի գաղափարախոսություն է: Սիրիայում նման գաղափարախոսություն առկա չէ, չկա նաեւ, օրինակ, Մարոկկոյում: Այն առկա է եւ գերիշխում է Սաուդյան Արաբիայում եւ Քաթարում: Իսկ Էրդողանը դավանում է «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսությունը: Նա «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսության մոլի պաշտպան է: Իսկ դա իսլամում հանուն քաղաքական պլանների իրագործման' բռնության կոչ անող իսլամի առաջին գաղափարախոսությունն է: Միջազգային ԶԼՄ-ները հավաստում են, որ Անկարայից ռազմական եւ թիկունքային աջակցություն ստացող ահաբեկիչների 80 տոկոսը Սիրիա է թափանցում Թուրքիայով», -ասել է Բ. Ասադը: