ՄԱԿ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունների կատարմանն օժանդակելու հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի առաքելությանն աջակցություն ցուցաբերելու միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտար արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

 

«Ներկայում ՄԱԿ-ում ուսումնասիրում են՝ ինչպես ավելի լավ օգնել ԵԱՀԿ-ին այն աշխատանքում, որը նա լիազորված է կատարել Մինսկի պայմանավորվածություններին եւ այն բանաձեւին համապատասխան, որն ընդունել է Անվտանգության խորհուրդը: Մենք ջանում ենք հասկանալ՝ ինչպես ՄԱԿ-ը կարող է խաղալ իր դերը, որը միտված է համաձայնագրերի կատարմանն օգնելուն եւ ԵԱՀԿ-ին աջակցելուն»,- ասել է նա:

 

Ըատ ՏԱՍՍ-ի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է Մինսկի համաձայնությունների կատարման վերաբերյալ փետրվարի 12-ին ընդունված համալիր միջոցառումների կարեւորությունը՝ հընթացս հիշեցնելով, որ համաձայնագրերը բարեփոխումների անցկացում են նախատեսում Ուկրաինայում:

 

«Ուկրաինայում դեռեւս շատ մեծ «տնային աշխատանք» կա կատարելու. կա բարեփոխումների անցկացման հագեցած օրակարգ, այդ թվում՝ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ: Այս ամենին դեռեւս իրապես ձեռնամուխ չեն եղել, որովհետեւ բոլորն էլ հիմնականում կենտրոնացած են եղել Մինսկի պայմանավորվածությունների ռազմական ասպեկտների, ինչպես նաեւ հումանիտար կարիքներից մի քանիսին արձագանքելու վրա»,- հավելել է Ֆելթմանը: